Մայիսի 25-ին կայացավ Եվրոպայի չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը: Անցած օրերի հեռավորությունից թվում է` արդեն իմաստ էլ չունի մանրամասների մեջ անդրադառնալ խաղին, եթե չլիներ մի խոշոր բայց: Խոսքը վերաբերում է համաշխարհային ֆուտբոլի զարգացման միտումներին, հնարավոր շեշտադրումների կամ շեշտադրումների հնարավոր փոփոխությանը, իսկ գուցե և նոր արքայի թագադրմանը: Տաք հետքերով, ինչ խոսք, բավական դժվար է հեռուն գնացող եզրակացություններ անել, բայց ուրվագծվողը չնկատելն էլ առանձնապես խելոք բան չէ:
ՄԻ ՔԻՉ ՄԻՍՏԻԿԱ
Ծերուկ Յուպ Հայնկեսի «Բավարիան» հաղթեց անհամեմատ երիտասարդ Յուրգեն Կլոպի «Բորուսիային» (ի դեպ, կենսաբանական տարիքի նույնատիպ խնդիր կար և մրցակցող թիմերի պարագայում), հաղթեց ի հաշիվ խաղավարտին խփած գոլի, որի հեղինակը, իսկ դրանից առաջ խփածի նաև համահեղինակը անցած տարվա «Բավարիա»-«Չելսի» եզրափակչի ձախողակ, հոլանդացի լեգեոներ Արիեն Ռոբենն էր: Եթե այստեղ մի քիչ տուրք տանք միստիկային, ապա եղածում վերերկրային ինչ-ինչ ուժերի անխուսափ մասնակցությունը պիտի տեսնենք, թեպետ, թե ինչու «Բորուսիայի» հաշվին արդարությունը պիտի վերականգնվեր, մի քիչ մութ է մնում: Ի վերջո, որքան հայտնի է, ամեն մեկինն իր բաժին խաչն է: Ինչևէ: Անպարզելի հարցերը թողնենք մի կողմ, դառնանք հնարավորինս պարզելիներին:
«Բավարիա»-«Բորուսիա» դիմակայությունը լարվա՞ծ էր, դրամատի՞կ, թե՞ այլ պարամետրով բնութագրվող, հարցի երկրորդական, եղածի հենքի վրա ոչինչ չավելացնող կողմն է, որովհետև խաղավարտից հետո լուսատախտակի վրա արձանագրվածը կա ու մնում է միակ ճշմարտությունը, իսկ լուսատախտակն ինքն իրենից դժգոհ քմահաճ օրիորդ չէ, որ հանդերձ փոխելու, հաջող դիմահարդարվելու կամ կոսմետիկ վիրահատումների գնով կարող է հասնել անցանկալիի խմբագրման:
Անվիճելի է, որ «Բավարիան» Կլոպի համակրելի թիմին հաղթեց ի հաշիվ ավելի բարձր կարգի, ի հաշիվ փորձառության, իսկ սրանք գործոններ են, որոնք ձեռք են բերվում դժվար վարժությամբ, տարիների ընթացքում մշակված համակցված խաղի արդյունքում: Բնականաբար, ասվածը չի նշանակում, թե «Բորուսիան» ի վիճակի չէր հաղթելու այդ խաղում: Երիտասարդական պոռթկուն արյունը, հայտնի բան է, կարող է սարեր շրջել, եթե դրան մի քիչ էլ խառնվում է բախտի գործոնը: Խոստովանենք` «Բորուսիայի» պարագայում առաջինը կար, երկրորդը չկար, ու վերջնահաշվում եղավ այն, ինչ եղավ` թիմը պարտվեց, ու սրանով ասված է ամեն ինչ: Եթե այս «ամեն ինչ»-ին կասկածողներ կան, չգնանք երկար-բարակ բացատրությունների ճանապարհով, պարզապես ուշադրություն դարձնենք խաղից առաջ Կլոպի հայտնած ուշագրավ մտքին, որը շատ բաների մասին է խոսում. «Եթե մենք հաղթենք եզրափակչում, դա չի նշանակի, թե դարձել ենք աշխարհի լավագույն ակումբը: Դա կնշանակի, որ հաղթել ենք մոլորակի լավագույն թիմին»:
Խոշոր հաշվով, Կլոպի ասած «մոլորակի լավագույն թիմին» պարտվելն առանձնապես ամոթալի բան չէ, սակայն եկեք դորտմունդցիների մարզչի տված բնութագրականի հարցում այնքան էլ չշտապենք, քանզի այստեղ վիճելի շատ հարցեր կան` հավասարապես «կողմ» ու «դեմ»-ով, և խնդիրը բնավ էլ այն չէ, որ մենք շարունակում ենք հավատալ «Բարսելոնի» չթեքված աստղին:
«Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում իսկապես մեծ քայլ կատարեց: Հաղթեց թե՛ ներքին առաջնությունում, թե՛ Չեմպիոնների լիգայում: Եթե հաշվի առնենք այն, որ հաղթանակը միանգամայն սպասված է նաև երկրի գավաթի խաղարկությունում, ապա ստացվում է, որ մրցաշրջանից Հայնկեսի թիմին հաջողվեց քամել առավելագույնը:
ՄԵՌՆԵՄ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻՆ
Սա ցուցանի՞շ է։
Ցուցանի՛շ է: Եթե սրան կասկածողներ կան (մեռնեմ դեմոկրատիային, մարդու հիմնարար ազատությունների մասին վկայող փաստաթղթերին ու սրանց համանմանությամբ գրված մյուս քյանդրբազություններին), ապա պիտի բարի լինեն ասել, թե «ոչ» ցուցանիշի տակ ուրիշ ի՞նչ են հասկանում իրենց առարկություններում: ՈՒ քանի որ հանգամանքների բերումով տվյալ պահին «գոլի» առավելությունը մեր կողմն է, փորձենք տեմպից չընկնել ու շարունակենք գնալ մեթոդապես տոտալ ճնշողի ճանապարհով` փորձելով հասկանալ իսպանական «Բարսելոնի» ակնհայտ թույլ ու «Բավարիայի» ակնհայտ ուժեղ անցկացրած մրցաշրջանի պարագայում համաշխարհային ֆուտբոլում բաց մնացած հեգեմոնիայի հարցը, իհարկե, մոռացության չտալով եղանակ ստեղծող կամ եղանակ ստեղծողի հայտ ներկայացրած նաև այլ թիմերի, ի մասնավորի, հարցնելով`
իսկ ինչպիսի՞ն կլինի նոր մրցաշրջանի «Բավարիան»,
իսկ ինչպիսի՞ն կլինի նոր մրցաշրջանի «Բարսելոնը»,
իսկ ինչպիսի՞ն կլինի նոր մրցաշրջանի Մադրիդի «Ռեալը»,
իսկ ինչպիսի՞ն կլինի նոր մրցաշրջանի ՊՍԺ-ն:
Այստեղ նախապես ասենք, որ, այս չորսով բավարարվելով, բացարձակապես նույնականանալու մարմաջ չունենք «Մենք ենք, մեր սարերի» լեյտենանտի հետ, եղածը թվերի սոսկական զուգադիպության արդյունք է:
Հայնկեսն իր հաղթած թիմի առավելությունը համարում է այն, որ «Բավարիան» ունի քսաներեք հավասարարժեք խաղացող: Ասել է թե` անհրաժեշտության դեպքում մյունխենցիները դաշտ կարող են հանել երկու համազոր թիմ: Նման երկար պահեստային նստարան աշխարհում չունի և ոչ մի ակումբ: Սա ահռելի առավելություն է, ինչը մասնավորապես իրեն խստորեն զգալ տվեց եզրափակիչ խաղում, որտեղ «Բորուսիան» չուներ համարժեք փոխարինող խաղադաշտ մտցնելու հնարավորություն, թեպետ դա պարզապես աղերսվում էր: Սակայն «Բավարիայի» պարագայում հետաքրքրականն այն է, որ թիմի ունեցած երկու ամբողջական կազմին գալիս են ավելանալու Գյոտցեն ու Լևանդովսկին` Գվարդիոլա նոր գլխավորով: Այս ձեռքբերումներով մյունխենցիները կատարյալ շոկի մեջ են գցել ողջ ֆուտբոլային աշխարհը, որովհետև առանց այն էլ հզոր «Բավարիան» հզորանում է աներևակայելիության աստիճանի, և սկզբունքորեն տրամաբանություն հնարավոր չէ տեսնել ամեն ինչ նվաճած Հայնկեսին մեկ ուրիշով փոխարինելու հարցում, որքան էլ մարզչի փոփոխությունը նախապես պլանավորված էր: Ինչ խոսք, որ յուրաքանչյուր նոր «ավել» նորովի է «ավլում», բայց որ Գվարդիոլան այլ թռիչքի «թռչուն» է, արդեն իսկ ապացուցել է բարսելոնյան փայլուն տարիներով: Այնպես որ, նոր մրցաշրջանում սպասվում է հարկ եղածից ավելի հզոր «Բավարիա»` ակնհայտորեն ֆուտբոլային օրենսդիրի հեռանկարով:
Վերջին չորս-հինգ տարում համաշխարհային ֆուտբոլում անառարկելի տնօրինություն անող կատալոնյան ակումբն անցնող մրցաշրջանում ուրախանալու առանձնակի առիթ չտվեց: ՈՒնեցած դերով ու կշռով «Բարսելոնը» հարկավ այն թիմը չէ, որ, Իսպանիայի առաջնությունում հաղթելով, կարողանա բավարարել աշխարհի չորս ծագերի իր բազմամիլիոն երկրպագուների հարաճուն պահանջները, որոնք հետ են վարժվել ֆուտբոլը որպես քսաներկու տղաների կատարմամբ ընդամենը խաղ ընկալելուց: Դա շատ քիչ է: Ազատ գեղագետի ու սառը փիլիսոփայի կարգավիճակ ձեռք բերած բարսելոնյան երկրպագուն վարժվել է հանդիսության մասնակցի դերին, հանդիսություն, որի ոչ թե յուրաքանչյուր արարն է երևույթ, այլ յուրաքանչյուր դրվագը:
ՁՈՒԿԸ ԾՈՎՈՒՄ` ԲԱԶԱՐ ՉԱՆԵՆՔ
Ինչ խոսք, կատալոնյան ակումբի գլխավոր հաղթաթուղթը կա ու շարունակում է մնալ աստվածային Մեսին: Նոր մրցաշրջանից նրա կողքին կկանգնի բրազիլական ֆուտբոլի նոր գերհանճարը` Նեյմարը: Իհարկե, կատալոնյան ակումբն անխուսափ նոր ձեռքբերումներ էլի կունենա, բայց դե, ձուկը ծովում, եկեք բազար չանենք և ընթացիկ պահի դրությամբ ընդամենը փորձենք հասկանալ` բրազիլացին որքանո՞վ հավասարարժեք զույգ կլինի արգենտինացուն` չմոռանալով, որ մեջտեղում մի ուրիշ ակնհայտ ճշմարտությունն էլ կա. որքան էլ փայլուն լինի նվագախումբը, պիտի դիրիժոր ունենա, իսկ վերջինիս կտրվածքով «Բարսելոնում» շատ հարցեր բաց են մնում: Իրականում, որպես գլխավոր, ի՞նչ կարողությունների տեր է Վիլանովան, մրցաշրջանն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց: Նոր մրցաշրջանը, լավ առումով, արդյո՞ք կկարողանա մարզասերին տալ համոզիչ պատասխան: Եթե` այո, ապա վաղօրոք են ցնծում նրանք, ովքեր համաշխարհային ֆուտբոլում նոր օրենսդիր են փնտրում:
Համաշխարհային ֆուտբոլի մյուս գերակումբում Ժոզե Մոուրինյոն խոշոր առումով հեղափոխական նորություններ չմտցրեց ու չկարողացավ էլ հասնել իրենից ակնկալվածին: Թող ընթերցողը ներող լինի իմ ընդունելի ու չընդունելի մտքերի համար, սակայն, իմ համոզմամբ, պորտուգալացին խիստ ապակառուցողական եղավ իսպանական ֆուտբոլի համար: Մոուրինյոն իսպանական ֆուտբոլում ավելի շատ նման եղավ հեքիաթի այն հերոսուհուն, ով հայելուց պահանջում էր միայն իր գեղեցիկ լինելու հավաստումը ու, չստանալով ուզած պատասխանը, փշրեց այն: Ես չգիտեմ` դուք ինչ եք մտածում, սակայն ինձ թվում է, որ Մոուրինյոյի չար հանճարի պտուղները, «Ռեալը»` ի՜նչ, իսպանական ողջ ֆուտբոլն է զգալու ու շատ տեսանելի ապագայում է զգալու: Տա Աստված, որ ես սխալվեմ, սակայն եկեք Մոուրինյոյով չեզրափակենք: «Ռեալը» կանգնած է նոր գլխավորի որոնումների խնդրի առաջ: Արքայական ակումբը հիմա Անչելոտիով, Հայնկեսով, թե ուրիշ երրորդով կփորձի համաշխարհային ֆուտբոլում իր առաջատար դիրքերը պահպանել, սկզբունքորեն մեր քննարկվող հարցի շրջանակից դուրս է, բայց որ «Ռեալը» պատահական մեկի վրա խաղադրույք չի դնի, դա էլ անկասկած է:
ՊՍԺ-ն բարձրակարգ ֆուտբոլի աշխարհում նորեկ է: Այն չես համեմատի ո՛չ «Մանչեստր Յունայթեդի», ո՛չ «Յուվենտուսի», ո՛չ էլ մեկ այլ երրորդի հետ: Եվ այդուհանդերձ, ինչու ենք հենց փարիզյան ակումբը տեսնում հնարավոր օրենսդիրների շարքում: Խնդիրն այստեղ վերջինիս միայն տրանսֆերային ակտիվ քաղաքականությամբ չի պայմանավորված, այդպիսին վարում են և ուրիշները: Պարզապես Անչելոտին իրեն ցույց տվեց որպես շատ հետաքրքիր ֆուտբոլային քաղաքականության կրող, և չենք վախենում ասելուց, որ ֆրանսիական ակումբը կմնա այս քառյակի մեջ կամ քառյակի շարքերում դիտարկելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ իտալացի մասնագետն է նրա ղեկին: Պատահական չէ, որ Անչելոտիի վրա աչք ունի դրած արքայական ակումբը, իսկ դա չի կարող նկատած չլինել թիմի սեփականատերը, ով իտալացուն ֆինանսական ավելի հրապուրիչ առաջարկ անելու պակաս հնարավորություններ չունի: Սակայն այստեղ էլ կա մի խոշոր բայց: Որքան էլ ապրում ենք ոչ թե նյութականացված, այլ ավելի քան գերնյութականացված աշխարհում, այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ փողով է գնվում կամ վաճառվում: Թող ներվի ասելը, բայց ՊՍԺ-ի մարզիչ կարող են լինել շատ շատերը, մինչդեռ արքայական ակումբի գլխավոր լինելը վերապահված է ընտրյալներին: Մի տեսակ կապույտ արյան հարց կա սույն խնդրում, եթե ես այնքան էլ չեմ սխալվում:
Չգիտեմ:
Մտածելու բան է:
Արդ, վերադառնալով ամենասկզբին, ինչպես տեսնում ենք` հարցադրումների առումով սպասվող մրցաշրջանն ավելի քան հետաքրքրական է: Կմնա՞ արքան գահին, թե՞ գահը կհաճի ունենալ նոր արքա, ցույց կտա ժամանակը: Ինչ վերաբերում է մեզ` ֆուտբոլասերներիս, բարեբախտաբար, առանձնապես տրտմելու բան չունենք: Առջևում են ֆուտբոլային բավականին հետաքրքիր ճակատամարտեր, որոնք կարող են ու հարկավ կմեղմեն սպասման անհանգստությունը: Այնպես որ, դարդոտելու պատճառ չի՛ք։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ